Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան մեկուկես ժամ։
Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Առաջնորդները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, կարգավորումն Ուկրաինայում, ինչպես նաև ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հեռանկարները, գրում է «Իզվեստիան»։
Հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 29-ին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նախագահների շփումը, Յուրի Ուշակովի խոսքով, անցել է ընկերական մթնոլորտում, եղել է անկեղծ և գործնական։
Մահափորձ Թրամփի դեմ
Պուտինը աջակցության խոսքեր է հայտնել ամերիկացի առաջնորդին՝ ապրիլի 25-ին Washington Hilton հյուրանոցում նրա դեմ իրականացված մահափորձի կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը վճռականորեն դատապարտել է այդ հարձակումը՝ ընդգծելով քաղաքական դրդապատճառներ ունեցող բռնության ցանկացած ձևի անթույլատրելիությունը։
Պուտինը նաև շնորհավորել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին ծննդյան օրվա առթիվ, որը նա նշել է ապրիլի 26-ին, և նշել է նրա ավանդը ռուս և ուկրաինացի երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու ջանքերում։
Իրավիճակը Իրանի շուրջ
Հիմնական ուշադրությունը նախագահները սևեռել են Իրանի շուրջ և Պարսից ծոցում տիրող իրավիճակին։ Պուտինը ճիշտ է համարում Թրամփի որոշումը՝ երկարաձգել Իրանի նկատմամբ հրադադարի ռեժիմը, ինչը պետք է հնարավորություն տա բանակցություններին և օգնի իրավիճակի կայունացմանը։
Ռուսաստանի առաջնորդը ուշադրություն է հրավիրել Իրանի, նրա հարևանների և ողջ միջազգային հանրության համար անխուսափելի կործանարար հետևանքների վրա այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին անցնեն ուժային գործողությունների։ Նրա խոսքով՝ միանգամայն անընդունելի և վտանգավոր է թվում Իրանի տարածքում ցամաքային գործողության տարբերակը։
«Ռուսաստանը հաստատակամ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել դիվանագիտական ջանքերին՝ ճգնաժամի խաղաղ հանգուցալուծում գտնելու համար, և առաջարկել է մի շարք նկատառումներ՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը», — նշել է Ուշակովը։
Այդ նպատակներով կշարունակվեն ակտիվ շփումները իրանցի ներկայացուցիչների, Պարսից ծոցի երկրների առաջնորդների, ինչպես նաև Իսրայելի և ամերիկյան բանակցողների թիմի հետ։
Թրամփը ներկայացրել է իր գնահատականները ռազմական դիմակայության ավարտված փուլի արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև տեսակետները այն բարդ դրության մասին, որում այժմ գտնվում է Իրանը և նրա ղեկավարությունը։
Կարգավորումն Ուկրաինայում
Ինչ վերաբերում է ուկրաինական կարգավորմանը, ամերիկացի նախագահը շեշտել է մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը, ինչպես նաև իր կողմից դրան ամեն կերպ նպաստելու պատրաստակամությունը։ Թրամփը հավատում է, որ գործարքը, որը վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը, արդեն մոտ է։
Ամերիկացի գործընկերոջ խնդրանքով Պուտինը բնութագրել է ընթացիկ իրավիճակը շփման գծում։
Զատկական հրադադար և Հաղթանակի օր
Թրամփը դրական է գնահատել վերջերս Ռուսաստանի կողմից հայտարարված զատկական հրադադարը։ Այս կապակցությամբ Պուտինը տեղեկացրել է ամերիկացի գործընկերոջը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակահատվածում ևս հրադադար հայտարարելու պատրաստակամության մասին։
Թրամփը ակտիվորեն աջակցել է այս նախաձեռնությանը՝ նշելով, որ տոնը խորհրդանշում է ընդհանուր հաղթանակը նացիզմի նկատմամբ։
Տնտեսական համագործակցություն և հետագա շփումներ
Ռուս-ամերիկյան հարաբերությունների քննարկման ժամանակ երկու կողմից էլ խոսվել է տնտեսության և էներգետիկայի ոլորտում մեծ հեռանկարների և փոխշահավետ նախագծերի մասին։ Նախագահների խոսքով՝ մի շարք լայնամասշտաբ տնտեսական նախաձեռնություններ արդեն իսկ կոնկրետ քննարկվում են երկու պետությունների ներկայացուցիչների միջև։
Նախագահները պայմանավորվել են նաև այսուհետ պահպանել շփումները՝ ինչպես անձնական, այնպես էլ իրենց օգնականների և ներկայացուցիչների մակարդակով։

