Խոշոր հրդեհ՝ Երևանի շենքերից մեկում․ 20 մարդ տարհանվել է, որոնցից 4–ը հոսպիտալացվել է

03.05.2026, 10:01
Քսան տարհանված, որոնցից 4–ը հոսպիտալացվել է․ գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում
Խոշոր հրդեհ՝ Երևանի շենքերից մեկում․ 20 մարդ տարհանվել է, որոնցից 4–ը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։

Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակաները։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։ Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։