«Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում՝ չնայած կազմակերպության մեկնաբանություններին». Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր չէ փոխել իր վերաբերմունքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ և հնարավորություն չի տեսնում վերսկսելու իր մասնակցությունը դրա աշխատանքներին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք վաղուց մեր մասնակցությունը այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք», - ասել է Միրզոյանը Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ համատեղ ասուլիսում:
Նախարարն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների կամ կազմակերպության Գլխավոր քարտուղարության մեկնաբանությունները չեն ազդի Երևանի դիրքորոշման վրա:
«Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ, թե ինչքան իրավասություններ ունի քարտուղարությունը այդտեղ առհասարակ, եթե ինչ-որ մեկնաբանություններ են անում, իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում», - հայտարարել է Միրզոյանը:
Հոկտեմբերի 23-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հայաստանը դե ֆակտո հեռացել է կազմակերպության գործունեությունից, քանի որ չի մասնակցում որոշումների քննարկմանն ու ընդունմանը, ինչպես նաև հիմնական միջոցառումներին և զինվորական վարժանքներին:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է ներկա գտնվել ՀԱՊԿ մշտական խորհրդի ամենշաբաթյա նիստերին: Մասադիկովը հայտնել էր նաև, որ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը կարող է քննարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 11-ի նիստում, եթե համապատասխան հարցն ընդգրկվի նիստի օրակարգում:
Հայաստան – ՀԱՊԿ հարաբերությունների մասին
2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես պատճառ նշեց անվտանգության ոլորտում Հայաստանի հանդեպ Կազմակերպության ստանձնած պարտավորությունների չկատարումը:
ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հայտարարել էր, որ Երևանը ձեռնպահ է մնում կազմակերպության 2024 թվականի բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել 2022 թվականին Ադրբեջանի կողմից զավթված Հայաստանի ինքնիշխան տարածքների (շուրջ 200 քառ. կմ) շուրջ տիրող իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:
ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են տեղեկացնել Երևանին ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է դրա որոշումներին, սակայն չի մասնակցում նիստերին:

