Հայաստանում մասնավոր հատվածի մասնակցությամբ նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ․ նախարար

03.11.2026, 15:41
Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում նախատեսվում է իրականացնել  Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի  կառուցումը, հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը
Հայաստանում մասնավոր հատվածի մասնակցությամբ նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.      Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ նոր հիմնարկի կառուցումը նախատեսված է կառավարության ծրագրով և անհրաժեշտություն է հանդիսանում։

«Առաջիկա ամիսներին մենք ակտիվորեն աշխատելու ենք Ֆինանսների նախարարության գործընկերների հետ՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ուղղությամբ»,- երեքշաբթի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է Գալյանը։

Նախարարն անդրադարձել է նաև գործող քրեակատարողական հիմնարկների փակման հարցին։ Նրա խոսքով՝ նախատեսվում է փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, իսկ նախնական ծրագրերով՝ նաև Գորիսի ՔԿՀ-ն։

Գալյանը հայտնել է, որ Դատապարտյալների հիվանդանոցն արդեն փակվել է։