«Նրանց ասել են՝ մինչև Հայաստանը ֆորպոստ չդարձնեք, բոմժ եք դառնալու»․ Փաշինյանն՝ ընդդիմության մասին (ՎԻԴԵՈ)

28.10.2026, 20:05
«Իրենց փողերն են պաշտպանում»․ Փաշինյանը՝ ընդդիմության և Հայաստանի «ֆորպոստի» կարգավիճակի մասին․ ՎԻԴԵՈ
«Նրանց ասել են՝ մինչև Հայաստանը ֆորպոստ չդարձնեք, բոմժ եք դառնալու»․ Փաշինյանն՝ ընդդիմության մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմության հասցեին՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կստանա Հայաստանը TRIPP նախագծից։

«Մենք պետք է այդ մտայնությունից և պրոցեսից դուրս գանք, որ երբ Ադրբեջան անունը հնչում է, կամ Թուրքիա անունը հնչում է, Հայաստանում սկսվում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի և այլն։ Այսինքն՝ մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա՞, մենք ամեն ինչ ստանա՞նք։ Ընդդիմությունը՝ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը», ի՞նչ է անում, գալիս է, ասում՝ «Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա», - նշել է Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նրա խոսքով՝ մինչև Հայաստանի Հանրապետությունը նորմալ հարաբերություններ չունենա իր հարևանների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, լինելու է ֆորպոստ։

«Այս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ։ Դրա համար ի՞նչ է պետք․ պետք է, որ չլինի խաղաղություն։ Ինչո՞ւ են ուզում, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում, որովհետև իրենց փողերը հիմա փակի տակ են։ Ասել են՝ մինչև դուք Հայաստանը ֆորպոստ չդարձնեք, չվերադարձնեք ֆորպոստի կարգավիճակ, բոմժ եք դառնալու։ Հիմա իրենք դառնում են բոմժ և իրենց այդ պրոցեսից են պաշտպանում», - հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանում շատերը տրվում են նման հայտարարություններին՝ ուշադրություն չդարձնելով Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի զարգացմանը։

«Ոչ մեկը չի նկատում, որ արդեն մի տարուց ավելի է՝ Ադրբեջանով Հայաստան գալիս են գնացքներ։ Ի՞նչ եք առաջարկում, փակե՞նք ճանապարհը», - ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու համար։

«Մեր արածի մեջ ոչ մի գաղտնի բան չկա։ Ամեն ինչ պարզ, հրապարակային դրված է։ Ի՞նչ է նշանակում․ որևէ մեկն ուզու՞մ է խաղաղություն Ադրբեջանի այդ կոնֆլիկտի պայմաններո՞ւմ․ չի կարող այդպիսի բան լինել։ Այս մարդիկ դեմ են Հայաստանի անկախությանը, այս մարդիկ դեմ են Հայաստանի պետությանը, որովհետև պետությունն այն է, որ իրենց թույլ չի տալիս թալանել։ Իրենց ֆորպոստ է պետք, որ այդ գեներալներով, նախկին նախարարներով, պաշտոնյաներով, օլիգարխներով Հայաստանը թալանեն», - ասել է Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։