Ղարաբաղից տեղահանվածների աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգվել են․ ովքեր են շահառուները

29.10.2026, 19:27
Կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները
Ղարաբաղից տեղահանվածների աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգվել են․ ովքեր են շահառուները

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները, հայտնում են Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։

Մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցության ծրագրի շահառուները կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2027 թ.-ի հունիս ամիսը ներառյալ։

2027 թ.-ի հունվարից մարտը ներառյալ աջակցության չափը կկազմի ամսական 30,000 դրամ, իսկ 2027 թվականի ապրիլից հունիս ամիսները ներառյալ՝ 15,000 դրամ։ 2026 թ․ հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է շուրջ 46,000 անձ։

Այս միջոցառման շրջանակում առանձին խումբ են դիտարկվում՝

- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք,
- 63 և ավելի տարեկան անձինք,
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,
- հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք,
- մինչև 18 տարեկան երեխաները։

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Նախարարությունից նշում են, որ միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8,600 ընտանիքի։

Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։

Ղարաբաղից տեղահանված անձինք հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։