Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է ուրախանում Ադրբեջանի հետ շփումների ակտիվացմամբ

29.10.2026, 17:51
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը Հայաստանի տարածք ներխուժումների մասին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ «ոչ ոք ոչ մահացել է, ոչ ներխուժել է»
Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է ուրախանում Ադրբեջանի հետ շփումների ակտիվացմամբ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ շփումների ակտիվացումը՝ հայտարարելով, որ կողմերի միջև ուղիղ հաղորդակցությունը նպաստում է զինված բախումների ռիսկի նվազեցմանը:

«Շատ եմ ուրախացել, գիտե՞ք՝ ինչու։ Շատ-շատ եմ ուրախացել, որովհետև երբ մենք շփվում ենք հեռախոսով, այդ դեպքում իրար վրա կրակելը դառնում է անհնար», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սիմոնյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի հետ ակտիվացած շփումների մասին լրագրողի հարցին:

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը Հայաստանի տարածք ներխուժումների մասին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ «ոչ ոք ոչ մահացել է, ոչ ներխուժել է»։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ, այդ թվում՝ առևտրային ոլորտում:

«Հարաբերությունները գնալով զարգանալու են, զարգացել են, ու, ինչպես ես ասել եմ ժամանակին Ազգային ժողովում, մեր հարաբերություններն էլ ավելի են զարգանում, իրար հետ առևտուր ենք անելու», - ասել է նա:

Սիմոնյանը նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիներն այլևս պատերազմի չեն բախվի:

«Մեր քաղաքացիներն այլևս պատերազմ չեն տեսնի: Ոչ ոք ոչ մեկի մոտ չի ներխուժում», - հայտարարել է նա:

Շաքիի միջադեպի մասին

ՀՀ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևն ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակելի տներից մեկը և կրակ բացել։ Կրակոցների հետևանքով ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել տեղի բնակչուհին։ Վնասվածքներով բժշկական օգնության են դիմել նաև նրա երկու երեխաները։

Մուսաևը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի հինգ հոդվածով Նա երկու ամսով կալանավորվել է։